ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ հուլիսի 25-ին Մոսկվայում անցկացվել են եռակողմ եւ առանձին` երկկողմ բանակցություններ ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ: Նախարարները կենտրոնացել են ԼՂ-ի շուրջ իրավիճակի լիցքաթափման եւ ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի ղեկավարների` 2020, 2021, 2022 թվականների համատեղ հայտարարությունների դրույթներին համահունչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացին ուղղված համատեղ ջանքերի վերլուծության վրա:
Եռակողմ բանակցություններից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության երաշխիքների խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում դեռեւս ամենազգայուն հարցն է: Ըստ նրա՝ հռչակագրի արդյունավետությունն այսօր հաստատել են ադրբեջանական եւ հայկական ղեկավարությունները։ «Խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը տարվում է դրան համապատասխան։ Հայկական կողմը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին շուտափույթ հանդիպումներ ունենալ ադրբեջանական ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համար համապատասխան օրենսդրությունից եւ միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում ՝ Ադրբեջանից) բխող իրավունքները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները»,- նշել է Լավրովը։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է երաշխիքներ տրամադրելու իր տարածքում բնակվող անձանց: Ըստ նրա՝ հայերը պատրաստ են նույնը անելու Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով։ Լավրովն ընդգծել է, որ այս փուլում գրանցված արդյունքը եռակողմ աշխատանքային խմբում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումն է։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են փորձել վերսկսել երկխոսությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետ-քաղաքագետների միջեւ, ինչպես նաեւ հույս են հայտնել խորհրդարանականների գծով եռակողմ երկխոսություն սկսելու մասին: