Ըստ թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի՝ թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը կանխատեսում է, որ Մարմարյան ծովում կլինեն երկրաշարժեր 7,2-7,6 մագնիտուդով, եւ դրանք լրջորեն կանդրադառնան Ստամբուլի վրա:
Գյորյուրը նշել է, որ այս իրադարձությունների հավանականությունը մինչեւ 2030 թվականը 50 տոկոս է: Գիտնականն այս եզրակացությանն է հանգել վերջին 2 հազար տարվա երկրաշարժերն ուսումնասիրելիս:
«1999-ի երկրաշարժի մասին հայտնի էր դրանից 20 տարի առաջ: Այն ժամանակ ո՛չ տեղական, ո՛չ կենտրոնական իշխանությունները մեզ չլսեցին»,- ասել է թուրք սեյսմոլոգը: Հիշեցնենք, որ 1999-ին Ստամբուլից 80 կմ հեռավորությամբ տեղի ունեցավ 7,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որը խլեց 17,2 հազար մարդու կյանք:
Գյորյուրի այս հայտարարությունից մի քանի օր հետո Թուրքիայի քաղաքաշինության եւ էկոլոգիայի նախարար Մեհմետ Օխզասեկին սկսել է Ստամբուլը նախապատրաստել այդպիսի երկրաշարժին: Նա հայտարարել է, որ մեկուկես միլիոն շինություն Թուրքիայում ռիսկի գոտում է, եւ «ոչ մի վայրկյան չպետք է կորցնել»: