Ըստ գերմանական Deutsche Presse-Agentur գործակալության՝ Ճապոնիայի բնակչությունը շարունակում է ռեկորդային տեմպերով կրճատվել՝ հասնելով 122,4 միլիոնի, ինչը 801 հազարով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Ըստ Ճապոնիայի ՆԳՆ-ի՝ սա ամենակտրուկ անկումն է 1968 թվականից ի վեր, երբ ամփոփվեց այդ վիճակագրությունը։
Ճապոնիայում անցյալ տարի մահացել է 1,57 միլիոն, եւ ծնվել ընդամենը 772 հազար մարդ, ինչը երբեւէ ամենացածր ծնելիությունն է: Պատմության մեջ առաջին անգամ Ճապոնիայի բոլոր 47 պրեֆեկտուրաներում գրանցվել է քաղաքացիների թվի նվազում։ Երկրում բնակվող օտարերկրացիների հետ միասին Ճապոնիայի բնակչության թիվը հասնում է 125,4 միլիոնի, ինչը 511 հազարով պակաս է, քան մեկ տարի առաջ։
Ճապոնիայի բնակչությունը նվազում է արդեն 14-րդ տարին անընդմեջ, եւ ցածր ծնելիության, ինչպես նաեւ ներգաղթի շատ ցածր մակարդակի պայմաններում Ճապոնիայի բնակչությունն ավելի արագ է ծերանում, քան ցանկացած արդյունաբերական երկիր: Ամբողջ շրջաններ մեռնում են. միլիոնավոր տներ բնակեցված չեն եւ քանդվում են, իսկ դպրոցները փակվում են։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կոչ է արել «աննախադեպ» միջոցներ ձեռնարկել՝ խթանելու ծնելիությունը եւ մինչեւ 2030 թվականը դադարեցնելու բնակչության թվի նվազումը: