Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ հանրային 348 ծառայող պետական ծրագրի շրջանակում բնակարան ձեռք կբերի: Կայացել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երեւան քաղաքի Գրիբոյեդովի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի 2-րդ փուլի բնակարանների եւ ավտոկայանատեղիների վիճակահանությունը: Հաղթող ճանաչվածների ցանկը հրապարակվել է։
«Վիճակահանությամբ բաշխվել է 339 բնակարան, մնացած 9-ը ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված արտոնության համաձայն՝ առանց վիճակահանության հատկացվել է հանրային այն ծառայողներին, որոնց ընտանիքի անդամը զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում:
Վիճակահանությանը մասնակցել է 2559 հանրային ծառայող: Հավակնորդների մեծ թվով պայմանավորված՝ առցանց վիճակահանությունն անցկացվել է երկու օրվա ընթացքում եւ ուղիղ եթերով հեռարձակվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի եւ «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի ֆեյսբուքյան էջերում: Շահող մասնակիցներն այդ մասին ավտոմատ ծանուցում են ստացել:
Առաջիկա օրերի ընթացքում բնակարան չշահած մասնակիցների կատարած կանխավճարները վերադարձվելու են նախնական հայտում նշված հաշվեհամարներին՝ առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու: Իսկ շահող մասնակիցներն աշխատանքային 30 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ստանալու են գնման իրավունքի պայմանագիր կնքելու առաջարկ (օֆերտա): Գործընթացը բավականին պարզեցվել է. հանրային ծառայողները փաստաթղթի առանձնացված դաշտերում պարզապես պետք է լրացնեն իրենց տվյալները եւ նշեն՝ վճարման ու բնակարանը ներքին հարդարմամբ կամ առանց հարդարման ձեռք բերելու նախընտրած տարբերակը, սքանավորեն եւ էլեկտրոնային եղանակով ուղարկեն կոմիտե:
Օֆերտան ստանալուց հետո աշխատանքային 15 օրվա ընթացքում անհրաժեշտ է կատարել առաջին փուլով նախատեսված վճարումները՝ բնակարանի արժեքի 10%-ի եւ ավտոկայանատեղիի արժեքի 20%-ի չափով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 եւ 011 621 714 հեռախոսահամարներով: Ծրագրի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը զետեղված է Քաղաքաշինության կոմիտեի կայքի «Ծրագրեր» բաժնում եւ statemultiapartment.am հարթակում։