Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դադարեցրել է հուլիսի 17-ին հայտարարած նստացույցը եւ կշարունակի ջանքերը աշխատանքային արտակարգ ռեժիմով։ Նման որոշում է ընդունել՝ համարելով, որ նստացույցը, համաժողովրդական շարժումը եւ մնացած բոլոր ջանքերն արդեն որոշակի արդյունք ապահովել են միջազգային ուշադրությունը հրավիրելու եւ գործնական քայլերի մղելու առումով։ Հարությունյանն այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին կոչ է արել հետեւելու Հայաստանի Հանրապետության օրինակին եւ իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում հրատապ հումանիտար օգնություն մատակարարել Արցախի ժողովրդին:
«Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին խնդրում ու հորդորում ենք հետեւողական ջանքերով հնարավորինս մեծացնել ճնշումը միջազգային հանրության հիմնական դերակատարների, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի) կառավարությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կառույցների ու Եվրոպական միության նկատմամբ՝ կիրառելով բոլոր հնարավոր միջոցները ուշադրություն հրավիրելու եւ հրատապ գործողության մղելու նպատակով»,– ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Արցախի նախագահը: