Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից հայտնել են, որ էմիրաթական Կարմիր մահիկի կազմակերպությունը Ռամադան 2021 ծրագրի շրջանակում դեսպանության միջոցով Հայաստանի 9 մարզում կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունից տուժած մոտ 830 ընտանիքի կտրամադրի առաջին անհրաժեշտության սնունդ պարունակող արկղեր:
Ռամադան ամսվա ընթացքում իրականացվող նախագծի համաձայն՝ երեկ սնունդ պարունակող արկղեր են տրամադրվել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին` սոցիալապես անապահով 100 ընտանիքի բաժանելու նպատակով:
«ԱՄԷ իմաստուն ղեկավարությունը մշտապես ընդգծում է օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը բոլոր ժողովուրդներին, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում՝ առանց հաշվի առնելու քաղաքական ուղղվածությունը, աշխարհագրական դիրքը, ազգային, ռասայական կամ կրոնական պատկանելությունը` միաժամանակ հիմնվելով ազնիվ մարդասիրական դիրքորոշման եւ պետության կողմից որդեգրված հանդուրժողականության եւ չափավորության մշակույթի գործնական կիրառման վրա»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ: