Հուլիսի 19-21-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացվել է ՄԻԱՎ-ով ապրող երեխաների համար ամառային ճամբար, որին մասնակցել են ՄԻԱՎ-ով ապրող կանայք եւ ՄԻԱՎ-ով ապրող նրանց 4-11 տարեկան երեխաները։
Այս մասին հայտնում է «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն, որն էլ իրականացրել է ճամբարի ծրագիրը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ։
Ամառային ճամբարի ընթացքում առանձնացված դասընթացներ եւ տեղեկատվական սեսիաներ են անցկացվել կանանց եւ երեխաների համար։
ՄԻԱՎ-ով ապրող երեխաների մայրերն իրենց փորձը ներկայացրել են նոր ախտորոշված երեխաների ծնողներին։ Նրանց միջեւ տեղի է ունեցել փորձի փոխանակում՝ բժշկական հաստատություններում եւ զուգընկերներից կարգավիճակը չթաքցնելու, ինչպես նաեւ մասնագիտական աջակցությունից ճիշտ օգտվելու մասին այն դեպքերում, երբ սեփական ներուժը չի բավարարում երեխաների հետ իրենց կարգավիճակի մասին խոսելիս։
Կարեւորվել է նաեւ իրենց իրավունքների իմացությունը։
Տարաբնույթ խաղերից ու թիմային աշխատանքից բացի՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի աշխատակիցները երեխաների համար հեքիաթ են ընթերցել՝ այդ կերպ բացատրելով նրանց բուժման, դեղերն ինքնուրույն ընդունելու եւ բուժմանը չդիմադրելու կարեւորությունը։
Դրանից հետո փոքրիկներն ուսուցողական մուլտֆիլմ են դիտել ընկերության, տարբերվելու, ինքնընդունման, ծնող-երեխա հարաբերությունների, միմյանց հասկանալու եւ ոգեւորելու, խտրականության եւ դրա հաղթահարման մասին։
«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի մասնագետները ճամբարականների հետ նաեւ անհատապես են աշխատել։