ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 27-ին հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերից կմեկնարկի դպրոցներում ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն եւ ինֆորմատիկա դասավանդող ուսուցիչների հավելավճարի նոր համակարգը։ Այդ մասնագետները յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ գործակցով կվարձրատրվեն: «Համապատասխան կարգն արդեն շրջանառվել է, շուտով կհաստատվի, եւ սեպտեմբերից ծրագիրը կմեկնարկի»,- ասել է նախախարը:
Միաժամանակ Կառավարությունն առաջարկել է 60%–ով բարձրացնել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի եւ վարչական դատարանի դատավորների աշխատավարձերը։ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով համապատասխան օրենքը, նշել է, որ Հայաստանում կա գործող 300 դատավոր, եւ եթե նախագիծը հաստատվի, 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա։ Նա հավելել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավորներն ամենածանրաբեռնվածն են։ Ըստ նախարարի` վարձատրության չափի ավելացումը կօգնի ապահովագրելու կոռուպցիոն ռիսկերից եւ երաշխավորելու դատավորների անկախությունը։
Արդարադատության նախարարը հիշեցրել է, որ Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերը Կառավարությունն արդեն բարձրացրել է 2022-ին։ Նա հավելել է, որ Հակակոռուպցիոն եռաստիճան դատարանն արդեն իսկ ստեղծվել է բարձր աշխատավարձերով։ «Այս փաթեթային լուծումն ավարտին հասցնելու համար մնում է ընդամենը մեկ օղակ` Վերաքննիչ դատարանը, որը շատ քիչ թվով դատավորներ ունի` շուրջ 65»,– նշել է Մինասյանը։