ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է երրորդ տեղը՝ հավաքելով 156 հազար 500 միավոր։
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Ռոբերտ Գյուլումյանը: Նրանք հանդես են գալիս Հայկ Նազարյանի գլխավորությամբ:
Առանձին վարժություններում հայ մարմնամարզիկները եզրափակչի ուղեգիր են նվաճել: Մասնավորապես՝ Համլետ Մանուկյանը եզրափակիչ է դուրս եկել նժույգթափերի եւ օղակների վարժություններում: Նժույգթափերի վարժությունում եզրափակչի ուղեգիր է նվաճել նաեւ Մամիկոն Խաչատրյանը, իսկ Ռոբերտ Գյուլումյանը եզրափակիչ է դուրս եկել ազատ վարժությունում:
Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնը կտեւի մինչեւ հուլիսի 29-ը: