Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերահսկել կորոնավիրուսի համավարակը:
Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ ԱՀԿ ղեկավարը նշել է, որ մի քանի ամսում համավարակը ճնշելու գործիքներ ունեն, որոնք պետք է կիրառել հետեւողականորեն եւ հավասարակշռված։
Գեբրեյեսուսը հայտնել է, որ մտահոգված է ամբողջ աշխարհում 25-59 տարեկանների շրջանում կորոնավիրուսի տարածման տեմպերի աճով:
ԱՀԿ-ի առաջատար համաճարակաբան, բժիշկ Մարիա վան Կերհովը եւս ընդգծել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճն այն բոլոր տարիքային խմբերում, որոնցում ավելի վաղ բարձր ցուցանիշներ չեն դիտվել:
Համաճարակաբանը նշել է, որ առանձին երկրներում փոխվել են կորոնավիրուսով վարակման առավել ենթակա տարիքային խմբերի սահմանները։ Մարիա վան Կերհովն ընդգծել է, որ դրա պատճառը սոցիալական շփումներն են։