Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ քաղաքապետարանն օրինագիծ է մշակել աղմուկի նորմերի խախտման համար տուգանքի չափն ավելացնելու նպատակով, որն առաջիկայում կներկայացվի Վրաստանի խորհրդարան։ «Սրճարաններում, բարերում, ռեստորաններում, ակումբներում եւ այլ օբյեկտներում աղմուկի թույլատրելի մակարդակը ցերեկային եւ գիշերային ժամերին հավասարապես սահմանափակ է եւ չպետք է գերազանցի 50 դեցիբելը, սակայն երբեմն խախտում են այս օրենքը»,- նշել է Կալաձեն։
Ըստ օրենքի նախագծի՝ առաջին դեպքում ակուստիկ աղմուկի թույլատրելի նորմերի գերազանցման համար ֆիզիկական անձը կտուգանվի 150 լարիի, իսկ իրավաբանական անձը՝ 1500 լարիի չափով։ Նույն գործողությունը կրկնելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիի, իսկ իրավաբանական անձը՝ 5000 լարիի չափով։ Երրորդ եւ դրան հաջորդած բոլոր խախտումների համար ֆիզիկական անձի համար սահմանվել է 1000 լարիի, իսկ իրավաբանական անձի համար՝ 10 հազար լարիի չափով տուգանք»,- ասել է Կախա Կալաձեն։
Վրաստանի գործող օրենսդրությամբ՝ ֆիզիկական/իրավաբանական անձը առաջին անգամ զգուշացվում է աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցելու դեպքում։ Նույն արարքը երկրորդ անգամ կատարելուց հետո՝ 1 տարվա ընթացքում, ֆիզիկական անձը տուգանվում է 150 լարիի, իրավաբանական անձը՝ 500 լարիի չափով։ Մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցած եւ յուրաքանչյուր հաջորդ նման արարքի համար ֆիզիկական անձը տուգանվում է 300 լարիի, իրավաբանական անձը՝ 1000 լարիի չափով։