Արցախի նախագահի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվել եւ 18 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ հարակից օրինագծերով: Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը կարեւորել է ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքների կարգավորման անհրաժեշտությունը։ Նա հիշեցրել է, որ 2020-ի պատերազմական գործողություններից հետո «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է հնարավորություն վճարի դիմաց օգտագործման վերցնել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը: Պաշտոնյան հավելել է, որ օրենքի փոփոխության հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով կարգավորվել են պետբյուջեի միջոցների հաշվին ամենամսյա վճարի տրամադրմանն առնչվող հարաբերությունները:
«Ներկայում գույքը վարձակալությամբ տված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց զգալի մասը գտնվում է Արցախի սահմաններից դուրս, եւ գործնականում ստացվում է այնպես, որ գույքը հանձնվում է վարձակալության դրա դիմաց բռնի տեղահանվածներին բնակարանային ապահովության նպատակով, վճարները պետական բյուջեի միջոցներից են վճարվում, եւ այդ գումարները Արցախի սահմաններից դուրս են գնում»,- շեշտել է Միրզոյանը։ Պաշտոնյան հավելել է, որ օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկվում է ռազմական դրության պայմաններում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման դիմաց ամենամսյա վճար կատարելու պարտականությունը հանել: Միաժամանակ գույքի օգտագործման անհրաժեշտության վերացման դեպքում եթե գույքը վերադարձվում է վնասված, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա նրան կտրվի համարժեք փոխհատուցում Արցախի կառավարության սահմանած կարգով, ժամկետներում եւ չափով: