Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Գերմանիայի կառավարությանը եւ Եվրոպական միությանը կոչ է արել ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու եւ իրավիճակի սրում թույլ չտալու համար։
«Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այն, որ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական օգնությունը ներկայում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ չի հասնում, միանգամայն անընդունելի իրավիճակ է։ Դաշնային կառավարությունը եւ ԵՄ հանձնաժողովը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի իրավիճակն ավելի չսրվի»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Լարս Պատրիկ Բերգը։
Դեռ 2020-ի նոյեմբերի վերջին Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը ԵԽ-ում բարձրացրել էր Արցախի պատերազմում Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավման, միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի օգտագործման, հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունները հանգամանորեն հետաքննելու անհրաժեշտության հարցերը։
Հայաստանը հուլիսի 26-ին 19 բեռնատար ավտոմեքենաներով 361 տոննա հումանիտար օգնություն, ներառյալ մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր, դեղորայք է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետեւանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Ադրբեջանը մինչ այս պահը խոչընդոտում է մարդասիրական օգնությամբ բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ։