Առողջ ծերություն ունենալու համար հարկավոր է հետեւել սննդակարգին։ Ընդ որում՝ առողջ սնվելու սովորությունը մարդու մեջ պետք է ձեւավորվի մանկուց։
Սննդաբան Լիդիա Այվազյանը վստահեցնում է՝ մեկ կամ մի քանի տեսակի ուտելիքից հրաժարվելով՝ հնարավոր չէ առողջ սննդակարգ ձեւավորել։ Սննդակարգը պիտի բազմազան եւ բալանսավորված լինի, որում ներառված կլինեն սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր։ Հարկավոր է շաքարի օգտագործումն աստիճանաբար նվազեցնել։ Խոսքը շաքարավազը լրիվ բացառելու, ոչ մի գրամ չօգտագործելու մասին չէ․ դա ծայրահեղություն է։
«Եթե այսօր թեյի մեջ լցնում եք 3 թեյի գդալ շաքարավազ, փորձե՛ք վաղը 2.5 գդալ լցնել։ Մի քանի ամիս այդպես շարունակե՛ք, որ քիմքը սովորի դրան։ Հետո այդ 2,5 թեյի գդալը դարձրե՛ք 2 թեյի գդալ։ Աստիճանաբար կստացվի այնպես, որ մեկ տարի հետո թեյի մեջ մեկ թեյի գդալ շաքարավազ կավելացնեք։ Միանգամից շաքարից հրաժարվելու դեպքում հավանականությունը մեծ է, որ կրկին կվերադառնաք հին սովորությանը՝ թեյի մեջ 3 թեյի գդալ շաքարավազ ավելացնելով»,- բացատրում է բժշկուհին։
Առողջ սննդակարգ պետք է ունենալ ամբողջ կյանքի համար, ոչ թե կարճ ժամանակով։ Սննդակարգին առնչվող որոշ սովորություններ մենք ձեռք ենք բերում ընտանիքի անդամներին հետեւելով։
«Տատիկս մտածում էր, որ ճաշի մեջ պետք է մեծ քանակությամբ ճարպ լինի, քանի որ կարծում էր՝ մարդը տնից դուրս գալիս երկար ճանապարհ է գնալու, դաշտում է աշխատելու կամ ծանր ֆիզիկական աշխատանք է կատարելու, իսկ դրա համար շատ էներգիա է պետք։ Մեր տարեցներից շատերն այս սովորությամբ են ճաշ պատրաստում։ Ոմանք ապուրների մեջ ոչ միայն շատ յուղ են ավելացնում, այլեւ այլուր, որ ապուրն ավելի խիտ ու կալորիական լինի»,- ասում է սննդաբանը։
Սնունդ ընդունելու վարքի սխալ դրսեւորումներից մեկն էլ ափսեում եղած ուտելիքը պարտադիր մինչեւ վերջ ուտելն է կամ երեխային ստիպելը, որ մինչեւ վերջ ուտի, հացով ուտի, շաքարաջուր խմի։ Մեր տատիկներից ու պապիկներից շատերն ապրել են այնպիսի ժամանակներում, երբ սնունդ գտնելը դժվար էր, մարդիկ հացը շատ էին ուտում, որ լրացնեին կալորիաները, քանի որ այլ սննդատեսակներ չկային: Հիմա ժամանակները փոխվել են, բայց մարդկանց հին սովորությունները մնացել են։
Երկարակյաց մարդկանց մեծ մասն ապրում է Ճապոնիայում, Հոնկոնգում (Չինաստանում գտնվող կղզի), Արեւելքում․․․ Պարզվում է՝ երկարակեցության հիմքում ոչ միայն առողջ սնվելն է, այլև առողջապահական համակարգի աշխատանքը։ Սննդաբանը նշում է՝ հետազոտությունները ցույց են տվել, որ այս վայրերում առողջապահության համակարգը արդունավետ է աշխատում, բուժսպասարկումը հասանելի է քաղաքացիների համար, իսկ քրոնիկ հիվանդությունները վերահսկվում են։ Ճապոնիայում ու Հոնկոնգում քիչ են հանդիպում դեկոմպենսացված շաքարային դիաբետի, զարկերակային հիպերտենզիայի դեպքերը։ Զարկերակային հիպերտենզիա ունեցող պացիենտները պատրտաճանաչորեն ընդունում են բժշկի նշանակած դեղերը։ Ճապոնացիներն ու Հոնկոնգի բնակիչները շատ բարձր վստահություն ունեն իրենց առողջապահական համակարգի նկատմամբ։
Տարեցները սովորաբար առողջության խնդիր ունենալիս սննդաբանին դիմելուց խուսափում են։ Հոգատար զավակները, սակայն նրանց ուղեկցում են սննդաբանի մոտ, բայց նման դեպքերում, օրինակ՝ քաշի խնդիր, ծնկոսկրերի կամ հոդերի խնդիրներ, որոնք հաղթահարելու համար պարտադիր պետք է նիհարել, հիմնականում «դանակը ոսկորին հասած է լինում»: Օստեոպորոզ ունեցող տարեցները եւս դիմում են սննդաբանին, քանի որ այս հիվանդության բուժման ընթացքում հարկավոր է ճիշտ սննդակարգ ունենալ։
Շատերի համար «դիետոլոգ» բառը զուգորդվում է դիետայի, նիհարելու հետ, բայց հարկավոր է հիշել՝ խիստ դիետաներն ու շատ նիհարելը հանգեցնում են օստեոպորոզի առաջացման ռիսկի։
«40 տարեկանից բարձր կանանց շրջանում օստեոպորոզը բավական տարածված է մեր երկրում։ Այս հիվանդության կանխարգելման համար հարկավոր է խուսափել բազմատեսակ դիետաներից, սոված չմնալ, մարզվել, ամեն օր կաթնամթերք, հատկապես կաթ, կաթնաշոռ, ցածր յուղայնությամբ պանիր, մածուն, կեֆիր օգտագործել։ Ընդ որում՝ այս խորհուրդները բոլորի համար են, ո՛չ միայն 40-ից բարձր տարիքի մարդկանց»,- մանրամասնում է սննդաբանը։
Ոտքերի ցավ, շարժունակության խնդիր ունեցող տարեցները պետք է պարտադիր ամեն օր կաթնամթերք օգտագործեն։
Շաքարային դիաբետ կամ զարկերակային ճնշման խանգարում ունեցող տարեցներին խորհուրդ է տրվում շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել, քանի որ դրանք պարունակում են բջջանյութ, որը դանդաղեցնում է ածխաջրերի ներծծումը, լավացնում է գլյուկոզի մակարդակն արյան մեջ։ Բջջանյութը կարող է խոլեստերինը «դուրս բերել» օրգանիզմից։
Զարկերակային հիպերտենզիա, սրտային հիվանդություն ունեցող, ինֆարկտ, ինսուլտ տարած մարդկանց խորհուրդ է տալիս օրական մեկ կիլոգրամ միրգ ու բանջարեղեն ուտել։ Իսկ ձմռանը կարելի է սառեցված միրգ ու բանջարեղեն կամ չիր ուտել։ Կարելի է նաեւ պահածոյացված բանջարեղեն ուտել, օրինակ՝ լեչո։ Այսպիսի սննդակարգը կարող է կանխել զարկերակային հիպերտենզիան, շաքարային դիաբետը, իսկ սրտանոթային հիվանդություն ունեցողների կյանքի որակը կբարելավվի։
Մասնագետը հիշեցնում է՝ առողջ սննդակարգ ունենալուց զատ hարկավոր է ունենալ նաեւ ֆիզիկական ակտիվություն․ օրական 30-40 րոպե զբոսանքը նվազեցնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ ծերունական թուլամտության առաջացման ռիսկը:
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։