ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել է, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով Հայաստանի բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն։ Նա նշել է, որ այս պահին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը Արցախի քաղաքացու մոտ է, սակայն բանակցությունները դեռեւս որեւէ արդյունք չեն տվել, սպասում են նոր տեղեկությունների։ Արցախի պետնախարարը հավելել է, որ նույն երթով ՀՀ տեղափոխվող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված Արցախի քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։
Ներսիսյանը հատկանշական է համարել, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացը եւ ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին։ Ըստ նրա՝ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մեջ նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն ձեւավորելու համար։
«Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու եւ Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տեւող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու եւ գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետեւանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն։ Հայ ժողովուրդ, նորից ու նորից գոչում եմ, արթնացե՛ք, դե՛մ կանգնեք այս ամենին»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Արցախի պետնախարարը։