Կարտոֆիլի բերքը՝ քիչ, գինն էլ բարձր կլինի: Լոռու մարզի գյուղերում մինչեւ բերքահավաք կանխատեսումներ են անում՝ հաշվի առնելով չդադարող անձրեւներն ու դրանց հետեւանքով օրեցօր ոչնչացող բերքը։
Լոռի Բերդ համայնքի Կողես գյուղում, որտեղ անմշակ հողեր չկան, այս տարի կարկուտ չեն տեսել։ Բայց անձրեւն ու տոթն արել են իրենց գործը․ կարտոֆիլը հողի մեջ փտում է։ Գյուղացիները փորձում են բերքը դեղերի օգնությամբ փրկել, դարձյալ անձրեւային եղանակի պատճառով դաշտ մտնել գրեթե չի հաջողվում։
Կողեսի տուժած կարտոֆիլը
Սամվել Պողոսյանը կրկին դաշտից տուն ճանապարհին է։ Կարտոֆիլին «դեղ տալու» էր գնացել։ Բերքի լավ որակի մասին, ասում է, այլեւս անիմաստ է խոսել, հիմա խնդիրը եղածը փրկելն է։
Կողեսում կարտոֆիլի մշակությամբ զբաղվող գյուղացիները, որ սեփական ներդրումից բացի նաեւ վարկեր են վերցրել, հողի մեջ անպիտան դարձած կարտոֆիլը չեն կարողանում «խելքի բերել» անգամ լրացուցիչ գումար ծախսելուց հետո։
«Ո՞վ ա հաշվում ծախսերը։ Ամեն մի հեկտարը, որ մի անգամ փչում ես, միջինը 30 հազար գնում ա, դեղի գնից ա կախված։ Եվ մենակ տոթի համար չենք տալիս, օրինակ՝ թիթեռ կա, ցեց ենք ասում, դրա համար էլ ենք տալիս։Դեղերն են թանկ, թանկ դեղեր ենք բերում, որ արդյունք տա։ Մի կողմից էլ՝ վնասված կարտոշկին դեղը տալիս ենք, բայց նա արդեն հիվանդ ա, չէ՞, հոտում ա»,- բացատրում է Կողեսի բնակիչ Սամվել Պողոսյանը։
Գագիկ Բաբաջանյանը որդու հետ դաշտավարությամբ է զբաղվում։ Հինգ-տասը տարի ժամկետով հողեր են վարձակալել եւ ցորեն ու կարտոֆիլ են մշակում։ Կարտոֆիլի՝ նախորդ տարվա 3 հեկտարն այս տարի 5 են դարձրել եւ փաստի առաջ կանգնել։
«Անձրեւը միշտ էլ պետք ա, բայց ոչ էսքան։ Հիմա չափից շատ են։ Չի էղել էնպիսի շրջան, որ մի քիչ չորանա, կարենանք սրսկումը անենք։ Տրակտորը մտել ա դաշտի մեջ, թաղվել, նորից դուրս ա էկել։ Գյուղում ու կողքի գյուղերում էլ համատարած էս վիճակն ա։ Կիսով չափ ենք բերք հանելու, իսկ հանածի կեսն էլ՝ հոտած»,- նշում է Գագիկը։
Կիսով չափ ասվածը 10-15 տոննա բերքն է՝ մեկ հեկտարից։ Մինչդեռ եթե տարին բարենպաստ է լինում, հեկտարից, ասում են, մինչեւ 35 տոննա կարտոֆիլ են ստանում։
Երկարատեւ խոնավ եղանակը նաեւ սնկային հիվանդությունների, մասնավորապես՝ ֆիտոֆտորոզի տարածմանն է նպաստել։ Կարտոֆիլի այս հիվանդության պատճառով բերքատվությունը 50-70 տոկոսով նվազում է։
«Ամեն տարի նույն սրսկումներն արել ենք, նորմալ ա էղել, էս տարի՝ չէ։ Ավելի թանկարժեք դեղորայք ենք օգտագործում եւ ավելի հաճախակի, բայց չի օգնում։ Մինչեւ էսօր էս դաշտին 5 անգամ սրսկում եմ կատարել, ամեն սրսկումը 30-35 հազար դրամ ա։ Եթե սերմացուն էլ հաշվենք, մի հեկտարում 1 մլն եւ ավելի գումար ենք դնում։ Ես մեխանիզացիա ունեմ, մեխանիզատորին գումար չեմ տալիս, բայց եթե ամեն ինչը հաշվենք, մի միլիոնն անցնում ա»,- պատմում է Գագիկ Բաբաջանյանը։
Ցորենն էլ լավ վիճակում չէ
Կարտոֆիլի դաշտերում տիրող վատ վիճակի կողքին գյուղացու՝ ցորենի հետ կապված սպասումները փոքր-ինչ հուսադրող են։ Գարնանը նախատեսված մշակումները (պարարտանյութ, դեղորայք) կարողացել են ինչպես հարկն է կատարել։ Տեւական անձրեւների պատճառով, սակայն, բերքը նվազ է լինելու։
«Անձրեւների պատճառով փոշոտում չեղավ, ծաղիկը անձրեւը լրիվ լվաց, թափեց։ Հասկ կա, կանգնած ա ասենք, կարկուտը չի վնասել, բայց բացե՛ք, հասկի մեջը նայե՛ք, որ պիտի լիներ 40-50 հատիկ, հազիվ 15-20 հատիկ ա, այն էլ՝ մանր։ Այսինքն՝ մի հեկտարից եթե մի 6 տոննա ցորեն պետք ա վերցնեինք, հիմի հազիվ 3,5-4 տոննա է»,- ասում է Գառնիկ Բաբաջանյանը։
Փոխհատուցում չկա
Կողեսում ավելի շատ ցորեն, քան կարտոֆիլ են մշակում։ Գյուղի 300 հա վարելահողից 170-ը ցորենի, մնացածն էլ կարտոֆիլի եւ կերային այլ մշակաբույսերի ցանքեր են։
Կողեսի վարչական ղեկավար Արսեն Մամաջանյանը նույնպես փաստում է՝ կարտոֆիլի դաշտերում վնասը բավականին մեծ է, բայց դա գնահատել հիմա չեն կարող։
«Հիմա կարելի է զուտ մոտավորապես թվեր ասել։ Վաղահաս, ուշահաս սորտեր կան, կախված է նրանից, թե վեգետացիան երբ է լինում։ Այդ պատճառով հստակ գնահատական միայն բերքահավաքին կարող ենք տալ»,- ասում է վարչական ներկայացուցիչը։
Սակայն գնահատեն էլ, միեւնույնն է, գյուղացին որեւէ փոխհատուցում չի ստանալու, որովհետեւԿողեսում կարկուտ չի եկել։
Մարզում բերքի առումով առավել տուժած են ճանաչվել Այրում եւ Արեւաշող բնակավայրերը․ Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության տվյալներն են։
«Համայնքային հանձնաժողովներ ունենք, որոնք կարկտահարությունից հետո գնում, մոնիտորինգ են անում, գնահատում վնասի չափը, հեկտարը, տոկոսը, եւ համապատասխան գրությամբ դա ուղարկվում է մարզպետարան։ Մենք նույնպես 7-10 օրվա ընթացքում գնում ենք, գնահատում, որովհետեւ երբեմն լինում է՝ տվյալները փոփոխված են լինում։ Օրինակ՝ ցորենի դաշտում էդպես է, ինքը վերականգնված է լինում, ու վնասի տոկոսն ավելի ցածր է լինում, քան, օրինակ, անմիջապես կարկուտից հետո։ Հետո մեր մոնիտորինգի արդյունքով կազմում ենք մեր ակտը եւ համայնքային ակտերի հետ ուղարկում արդեն ներքին գործերի նախարարություն։ Մեր գործառույթն այդքանով ավարտվում է»,- պարզաբանում է Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը։
Կարկուտից տուժելու համար, ըստ պաշտոնյայի, գնահատում եւ օգնություն են տրամադրում նաեւ Կարմիր խաչն ու ՄԱԿ-ը։
Իսկ անձրեւների հետեւանքով բերքի կեսը կորցրած գյուղացուն որեւէ աջակցություն չի տրամադրվում։
«Առանձին փոխհատուցում այս մասով չկա, որովհետեւ կա ապահովագրություն։ Հատկապես հացահատիկը, որը նաեւ սուբսիդավորվող ծրագիր է, բնականաբար չի կարող լինել»,- նշում է Արուս Թումանյանը։
Կողեսում հատկապես կարտոֆիլի ապահովագրությունն անիմաստ են համարում։ Եթե կարկուտ չի եկել, հատուցում չի լինելու, ասում են։ Բայց եթե բերքը կարկուտից էլ վնասվեր, փոխհատուցում կրկին չէր լինելու։ Ապահովագրող ընկերությունները մեկ հեկտարից 15 տոննա բերքատվությունը ոչ թե վնաս, այլ նորմալ ցուցանիշ են համարում։ Եվ նրանց ու գյուղացու շահերը չեն համընկնում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։