Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը լրատվամիջոցներին հայտնել է, որ այս շաբաթ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի անվտանգության երաշխիքների տրամադրման երկկողմ համաձայնագրի շուրջ՝ որպես պետությանն աջակցության համատեղ հռչակագրի մաս։ Ըստ նրա՝ այդ երաշխիքները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ։ Երմակն ընդգծել է, որ Ուկրաինան գործընկերների հետ արդեն մշակում է երկկողմ համաձայնագրերը, որում նկարագրվում են աջակցության ձեւաչափերն ու մեխանիզմները։
Ավելի վաղ «Մեծ յոթնյակի» երկրները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պայմանավորվել էին Ուկրաինայի «անվտանգության երաշխիքների» շրջանակային փաստաթղթի շուրջ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները պայմանավորվել են ոչ թե «անվտանգության երաշխիքների» հստակ պարամետրերի, այլ դրանց շրջանակի շուրջ, իսկ կոնկրետ երկկողմ պայմանագրեր կստորագրվեն ավելի ուշ։