ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի էլեկտրոնային անձնագրերի միասնական հարթակը, որի շնորհիվ Հայաստանից մեքենաների արտահանումը կլինի պարզեցված ընթացակարգով։ Էլեկտրոնային անձնագիրը տեղեկություններ է պարունակում տեխնիկական բնութագրերի, տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում վթարների, կիրառված սահմանափակումների, ապահովագրության, սեփականատերերի մասին: Նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը հիշեցրել է, որ էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման համար կա ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ստորագրված համաձայնագիր, որը ՀՀ-ն վավերացրել է 2021-ին, եւ որն ուժի մեջ է մտել 2022-ի հունվարի 1-ից։ Եգանյանը հայտնել է, որ Էլեկտրոնային անձնագրերի միասնական այս հարթակն ավելի շատ մեքենաների առքուվաճառքի համար է։
«Օրինակ` դեպի Ռուսաստան վաճառքի համար ՀՀ–ից տեղափոխվող մեքենաների էլեկտրոնային անձնագիրը եթե հիմա դեռեւս ձեւակերպվում է ՌԴ սահմանին, ապա երբ ստեղծվի հարթակը, ավտոմեքենաներն էլեկտրոնային անձնագիր կունենան արդեն մեր երկրում, որի շնորհիվ շատ ավելի կպարզեցվի գործընթացը»,– ընդգծել է պաշտոնյան։ Ըստ նրա` համաձայնագրի վավերացումից հետո այս ընթացքում պետք է ընդունվեն ներքին իրավական ակտեր, որոնց համաձայն՝ բացի ազգային օպերատոր ընտրելուց, պետք է որոշել այն կազմակերպություններին, ընկերություններին, որոնք իրավասու են լինելու ձեւակերպել էլեկտրոնային անձնագրերը։