Ռուսաստանի Սոչի քաղաքից հուլիսի 29-ին նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը, որի մեջ ռուսական երաժշտական ալիքի կազմակերպած նավարկության մասնակիցներն են, հուլիսի 31-ին՝ 05:30-ին, Թուրքիայի Տրապիզոն քաղաքից մտել է Վրաստանի Բաթում քաղաքի նավահանգիստ։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը գրում է՝ երեկ երեկոյան նավի ժամանման լուրը լսելուն պես ակտիվիստները վերսկսել են բողոքի ակցիան, որն ավելի է բազմամարդ դարձել, երբ ոստիկանությունը երեկոյան բարիկադներ է կանգնեցրել Բաթումի նավահանգստում։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հաղորդել է, որ ոստիկանությունը բողոքի ակցիայի 9 մասնակցի է ձերբակալել: Ակցիան շարունակվում է:
Ըստ ՆԳՆ-ի՝ ակցիայի մասնակիցները չեն կատարել իրենց օրինական պահանջները, ինչի հետեւանքով էլ ձերբակալվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ եւ 173-րդ հոդվածների հիման վրա։
Ի դեպ, Պալաուի դրոշով ASTORIA GRANDE նավը, որը սպասարկում է թուրքական Miray Cruises International զբոսանավային ընկերությունը, հուլիսի 27-ին մտել էր Բաթումի նավահանգիստ: Նավի ժամանումն ուղեկցվել էր Բաթումում եւ Թբիլիսիում բողոքի ակցիաներով: