Ըստ CNN-ի՝ Սպիտակ տունը մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը, որում նա հերթական անգամ սպառնացել է միջուկային զենք կիրառել։ Ավելի վաղ՝ հուլիսի 11-ին, Դմիտրի Մեդվեդեւը, ամփոփելով Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ասել է, որ «Երրորդ համաշխարհային պատերազմը մոտենում է»։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մեթյու Միլերը Մեդվեդեւի հռետորաբանությունն անվանել է «անխոհեմ եւ անպատասխանատու»: Խոսնակն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ուշադիր հետեւել Ռուսաստանի միջուկային սպառնալիքին, սակայն առայժմ որեւէ պատճառ չի տեսնում սեփական միջուկային քաղաքականությունը կարգավորելու համար։ ԱՄՆ խոսնակը հավելել է, որ Ուկրաինայում կամ այլուր միջուկային զենքի օգտագործումը աղետալի կլինի աշխարհի եւ Ռուսաստանի համար։
Մեդվեդեւը միաժամանակ ուղղակիորեն սպառնացել է միջուկային զենք կիրառել, եթե ուկրաինական հակահարձակումը հաջողությամբ պսակվի։ Նա նշել է, որ հետ մղելով «առասպելական կոլեկտիվ թշնամու» հակահարձակումը՝ ռուս զինվորները ոչ միայն պաշտպանում են «Ռուսաստանն ու նրա քաղաքացիներին», այլեւ «կանխում են համաշխարհային պատերազմը»: «Եթե պատկերացնենք՝ ՆԱՏՕ-ի աջակցությամբ ուկրոբանդերականների հարձակումը հաջողվել է, եւ նրանք գրավել են մեր հողի մի մասը, ուրեմն ստիպված կլինենք դիմել ուժի՝ ըստ Ռուսաստանի Նախագահի՝ միջուկային զենքի 2019-ի հունիսի 2-ի հրամանագրի կանոնների»: «Այլ ելք պարզապես չկա»,- տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ հավելել է Մեդվեդեւը։
Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից Մոսկվան ժամանակ առ ժամանակ դիմում է միջուկային սպառնալիքների։ Հետախուզությունն ու արեւմտյան առաջնորդները նման սցենարը քիչ հավանական են համարում։
Կլիմայի փոփոխությունը պակաս սարսափելի չէ, քան միջուկային պատերազմի սպառնալիքը. Բլինքեն
Ավստրալիական «60 րոպե» լրատվական ծրագրին ավելի վաղ տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ միջուկային պատերազմի պոտենցիալ սպառնալիքն ավելի վտանգավոր չէ, քան կլիմայի փոփոխության գոյաբանական խնդիրը. այդ հարցերում հիերարխիա չկա։ «Ինձ թվում է՝ չի կարելի խոսել ինչ-որ հիերարխիայի մասին։ Կան առաջնային եւ հիմնարար ինչ-որ բաներ՝ գայլը դռան մոտ է, ներառյալ հնարավոր հակամարտությունը, բայց, անկասկած, կլիման գոյաբանական մարտահրավեր է բոլորիս համար»,-ասել է պետքարտուղարը: