Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերացնելու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, քանի որ ավելի քան 120 հազար մարդ, ներառյալ 30 հազար երեխա, տառապում է սոսկալի հումանիտար ճգնաժամի պատճառով: «Քանի որ հումանիտար ճգնաժամը շրջափակված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերահաստատում է իր հայտարարություններն ու դիրքորոշումները միջազգային հանրության կողմից հրատապ եւ անհապաղ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ»,- հայտարարել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլլեյը: Փիլլեյը հիշեցրել է, որ Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, արգելափակված է ավելի քան յոթ ամիս՝ առաջացնելով հումանիտար արտակարգ իրավիճակ, եւ մեծ վտանգի տակ դրել 120 հազար մարդու, նրանց թվում՝ երեխաների կյանքը:
«Մարդիկ չունեն սնունդ, դեղորայք, լույս եւ գազ։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ եւ արագ միջամտել՝ շրջափակումը դադարեցնելու եւ արցախցիների կյանքերը փրկելու նպատակով, այնուհետեւ ձեռնամուխ լինել տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման համար դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին»,- ընդգծել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Ադրբեջանին եւ ներգրավված այլ ուժերին կոչ է անում անհապաղ վերացնելու շրջափակումը եւ վերաբացելու Լաչինի միջանցքը, որպեսզի երաշխավորվի քաղաքացիական անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը եւ անարգել մարդասիրական մուտքը` թեթեւացնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ բնակչության տառապանքը: