Միացյալ Նահանգները տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստան բուժման նպատակով»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը։ Ըստ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մարդասիրական տեղաշարժի դադարեցումն էլ ավելի է վատթարացնում հումանիտար իրավիճակը եւ խափանում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ձեւավորելու ջանքերը:
«Առեւտրային, հումանիտար եւ մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի»,- ասված է պետքարտուղարության արձագանքում: «Հետեւողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների եւ անվտանգության պաշտպանությունը։ Ողջունում ենք երկխոսությունը, որն առաջնոդվում է այս նպատակով»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարությունն իր պատասխանում:
Ադրբեջանի գլխավոր դատախազ Մահիր Աբբասովը օգոստոսի 1-ին հայտարարել է, որ 1991-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ կալանավորված Վագիֆ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։ Աբբասովը նշել է նաեւ, որ գործող քրեական օրենսդրության համաձայն՝ խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի գործում