ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ զոհված զինծառայողների ծնողները, որոնք ցանկանում են երեխա ունենալ, դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցում կստանան նաեւ երկրորդ փորձի համար։ «Ծրագրի շրջանակում տրվող աջակցության առավելագույն չափը կազմում է դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։
Ծրագրի շահառուները ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված զինծառայողների ծնողներն են։