Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը բաց նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ եւ շտապ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսին, իսկ մինչ այդ՝ ՄԶԳ (USAID) ադմինիստրատոր Սամանթա Փաուերին։
Մարտին Գրիֆիթսին ուղղված նամակում Թումասյանն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը եւ կոչով դիմում, որ հրատապ մարդասիրական օգնություն հասցնեն Լեռնային Ղարաբաղ․ «Շրջափակումը միջազգային իրավունքի եւ մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է։ Մենք Ձեզ կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն հասցնելու համար»։
ՄԶԳ-ի ադմինիստրատոր Սամանթա Փաուերին գրած նամակը Թումասյանը վերնագրել է` «Արցախում/Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հումանիտար աղետին անդրադառնալու շտապ կոչ»՝ վերջ դնելու շրջափակմանը եւ մեղմելու Արցախում տեղի ունեցած սարսափելի հումանիտար աղետը:
Նախօրեին էլ Հայաստանի Հանրապետության Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը բաց նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Պատգամավորը նամակում անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը եւ հույս է հայտնում, որ Ղարիբաշվիլին իր դրական ներդրումը կունենա այս խնդրի լուծման գործում։ «Լեռնային Ղարաբաղում սիմինդրի ալյուրից հացը անվանում են «ճաթ»։ Դա վրացերեն «ճադի»-ի մի փոքր հնչյունափոխված ձեւն է, ինչը վկայում է, որ Լեռնային Ղարաբաղը Վրաստանի հետ «հացի ընկերության» շատ խոր կապեր ունի»,- գրում է Աթանեսյանը նամակում եւ հավելում, որ բանաստեղծ Հովհաննես Շիրազին վերջին հրաժեշտին ներկա Նոդար Դումբաձեն դամբանականի իր խոսքում ասել է, որ «վրացին եղբոր մահը լուռ է սգում, բայց հիշատակը պահում է մինչեւ սրտի վերջին զարկը»։
«Ես չէի ցանկանա, որ Վրաստանը լուռ սգար Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ եղբայրների եւ քույրերի, 30 հազար մանուկների սովահարությունը»,- այսպես է ավարտում Վահրամ Աթանեսյանն իր բաց նամակը Իրակլի Ղարիբաշվիլիին։