ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների՝ «ցեղասպանություն» եզրույթը գործածելու վերաբերյալ նամակին:
Այսօր Ակադեմիայում «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ եւ այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ընթերցել է ստացված արձագանքը, որով նախագահի գրասենյակը պատրաստակամություն է հայտնում ուսումնասիրելու ներկայացված տվյալները:
Մելքոնյանի դիտարկմամբ՝ նամակի պատասխանից կարելի է ակնկալիքներ ունենալ, որ ԱՄՆ-ն նախագահի մակարդակով կօգտագործի «ցեղասպանություն» բառը:
Հիշեցնենք, որ կարեւորելով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նախագահի դիրքորոշումը՝ Հայաստանի պատմագետների ընկերակցությունը, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի, Երեւանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմաբանները նամակ էին ուղղել Ջո Բայդենին՝ ապրիլի 24-ին ընդառաջ «ցեղասպանություն» բառը գործածելու հարցում համապատասխան հետեւություններ անելու համար:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2019-ի հոկտեմբերին, իսկ Սենատը՝ 2019-ի դեկտեմբերին: