Ստամբուլում երկարատեւ ծանր հիվանդությունից հետո մահացել է Ադրբեջանի քաղաքականության ամենանշանավոր դեմքերից մեկը՝ գնդապետ Սուրաթ Հուսեյնովը։ Ռազմական, քաղաքական գործիչ, որը 1992 թվականի սեպտեմբերին (հավանաբար Մարտակերտի օպերացիայի համար) արժանացել էր Ադրբեջանի ազգային հերոսի կոչման։
Բայց Մարտակերտում գրանցված ժամանակավոր հաջողությունը չէ Սուրաթին հայտնի դարձրել Ադրբեջանում եւ աշխարհում։ 1993 թվականին ձեռնարկած ապստամբությամբ հենց նա կարմիր գորգ փռեց Նախիջեւանից Բաքու վերադարձող Հեյդար Ալիեւի ոտքերի տակ եւ դարձավ Ալիեւյան դարաշրջանի փաստացի արարիչը։
Էլչիբեյի պաշտոնանկությունից հետո նախագահ է դառնում Հեյդար Ալիեւը։ Հուսեյնովը նշանակվում է վարչապետ։
1994 թվականի հոկտեմբերին քաղաքական նոր ճգնաժամ է սկսվում։ ՕՄՕՆ-ի մարտիկները Բաքվում գրավում են Գլխավոր դատախազության եւ պետական այլ ծառայությունների մի քանի շենքեր։
Նախագահ Ալիեւը Հուսեյնովին մեղադրում է հեղաշրջում կազմակերպելու համար։ Ադրբեջանի ազգային ժողովը որոշում է 35-ամյա գործչին վաղաժամ ուղարկել թոշակի։
Գնդապետը լքում է Ադրբեջանը, մեկնում Ռուսաստան։ 1997-ին, սակայն, ՌԴ օրինապահ մարմինները նրան արտահանձնում են Ադրբեջանին։ 1999-ին պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով դատապարտվում է ցմահ բանտարկության։ Ապստամբ գեներալին հինգ տարի անց համաներում է կրտսեր Ալիեւը։
Մինչեւ Ղարաբաղյան հակամարտության սկիզբը (1988) Սուրաթ Հուսեյնովը աշխատել է Ադրբեջանի թեթեւ արդյունաբերության ոլորտում՝ հիմնականում զբաղվելով բրդի մթերմամբ եւ տեսակավորմամբ։ Ռազմաքաղաքական վերելքի մեկնակետում նա արդեն Եվլախի բրդի սկզբնական մշակման գործարանի տնօրենն էր։
Ապստամբ գնդապետին հուղարկավորելու են հայրենի Գյանջա քաղաքում։