Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ ԱՄՆ-ը եւ Աֆղանստանում իշխող իսլամական արմատական շարժման՝ Թալիբանի ներկայացուցիչները հավաքվել են Կատարի մայրաքաղաք Դոհայում երկօրյա բանակցությունների համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտը օգոստոսի 1-ին՝ հանդիպման առաջին փուլից հետո, հայտարարել է, որ Վաշինգտոնը բաց է թալիբների հետ հետագա տեխնիկական բանակցությունների համար՝ տնտեսական կայունության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով։ Պետքարտուղարությունը բարձր է գնահատել Աֆղանստանում ֆինանսական իրավիճակի բարելավումը, ներառյալ ցածր գնաճը, ինչպես նաեւ 2022 թվականի արգելքի շրջանակում կակաչի ափիոնի աճեցման կրճատումը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը թմրանյութերի դեմ պայքարում։
Միեւնույն ժամանակ, ամերիկյան կողմը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման առնչությամբ եւ կրկնել թալիբներին ուղղված իր կոչը՝ վերացնելու աղջիկների միջնակարգ կրթություն ստանալու արգելքը, թույլ տալ կանանց զբաղվել մասնագիտական գործունեությամբ եւ ազատ արձակել Աֆղանստանում կալանավորված ամերիկացիներին։
Քաբուլի կառավարությունը ներկայացնող թալիբներն իրենց հերթին կոչ են արել չեղարկելու թալիբների առաջնորդների ճանապարհորդական արգելքներն ու այլ սահմանափակումները եւ վերադարձնելու Աֆղանստանի կենտրոնական բանկի արտասահմանյան ակտիվները: