Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ հայկական լոբբիի նպատակն է կանխել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը. նրա կարծիքով՝ Դիսնեյում ենթարկվել են հայկական լոբբիի ճնշմանը եւ չեղարկել «Աթաթուրք» սերիալը։
«Այս հարթակի նման վերաբերմունքը անհարգալից է Թուրքիայի Հանրապետության եւ մեր ժողովրդի արժեքների նկատմամբ։ Ինչպես բազմիցս նշել ենք, ԱՄՆ-ում այսպես կոչված «ցեղասպանության» պնդումները քարոզող այս ցանցն օգտագործում է պատմական իրադարձությունները որպես գործիք իր խարդախ քաղաքականության համար։ Այս լոբբիի միակ նպատակն է կանխել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչպես բազմիցս նկատվել է»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Էրդողանի կուսակիցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Disney Plus-ը որոշում է ընդունել հրաժարվելու «Աթաթուրք» սերիալից, որը նկարագրում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրի՝ Մուստաֆա Քեմալի կյանքը։ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին նվիրված սերիալը նոյեմբերի 3-ից կվերածվի գեղարվեստական ֆիլմի եւ կցուցադրվի բացառապես Թուրքիայի կինոթատրոններում։ Ֆիլմը «Դիսնեյին» արժեցել է 8 միլիոն դոլար։ Մասնավորապես Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դեմ է արտահայտվել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի կենսագրական սերիալի ցուցադրությանը` պահանջելով Disney-ից չեղարկել ֆիլմի թողարկումը։