ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ողջունել է նախորդ տարվա նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հրադադարի եռակողմ համաձայնությունը:
Ըստ «Արմենպրեսի»-ի՝ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում ամենակարեւորը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունն է:
«Կողմերը պետք է հարգեն միմյանց եւ աշխատեն տեւական խաղաղության հասնել։ Նստաշրջանի քննարկվող հարցերից է եղել նաեւ հայ ռազմագերիների վերադարձը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածության թուլացումը: Մենք պետք է խոսենք երկրների հետ եւ ոչ թե երկրների մասին։ Երբեմն հարկավոր է անել եւ՛ մեկը, եւ՛ մյուսը։ Սակայն ամենալավ կապը երկխոսությունն է։ Սա հիմնական սկզբունքն է մեր կառույցի աշխատանքի համար։ Այս մոտեցումը պետք է կիրառել ամենաբարդ պահերին։ Եվ ղարաբաղյան հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջացած իրավիճակում ամենակարեւորը երկխոսությունն է»,- ընդգծել է ԵԽ նախագահը: