Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առեւանգելու դեպքի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերներին եւ տարբեր կառույցների ներկայացուցիչներին հայտնել է իր ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց՝ միջազգային հետախուզական որեւէ համակարգում Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հետախուզման վերաբերյալ տվյալ չկա, իսկ անձի հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների եւ չափանիշների խախտմամբ։
Անահիտ Մանասյանը հանդիպել է նաեւ առեւանգված քաղաքացու հարազատների հետ, որոնց ներկայացվել են իրականացվող, սակայն հրապարակման ոչ ենթակա աշխատանքների մանրամասները։ Պաշտպանը նշում է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, որը ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով։ Ուստի վերջինիս առեւանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է դեպքեր, երբ սոցիալական ցանցերում, մասնավորապես տելեգրամյան ալիքներում, ադրբեջանցիները թիրախավորել են Վագիֆ Խաչատրյանի հարազատներին, նրանց թվում՝ անչափահաս, ինչը խիստ անընդունելի եւ դատապարտելի է։ Պաշտպանն ընդգծում է, որ այս երեւույթը Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականության եւս մեկ ապացույց է։