Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին երեկ ընդունել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ձեր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում համընկավ ծանր շրջանի հետ` քովիդ, պատերազմ, անվտանգային մարտահրավերներ: Յուրաքանչյուր իրավիճակում բարձր եւ արդյունավետ եմ գնահատում Ձեզ հետ համագործակցությունը»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված առողջապահական բարդ իրավիճակի, պացիենտներին Հայաստանի բժշկական հաստատություններ տեղափոխելու դժվարությունների մասին:
«Բարեփոխումների համար լավ ժամանակներին սպասելն անիմաստ է, միշտ էլ նոր մարտահրավերներ են առաջ գալու, ուստի պետք է բոլոր դժվարություններին զուգահեռ սկսել ու ավարտին հասցնել անելիքները»,- ոլորտի առաջնահերթություններն ու գլխավոր ծրագրերը ներկայացնելուց հետո նշել է Անահիտ Ավանեսյանը:
Հրաժեշտի հանդիպմանը երկու կողմերն էլ հույս են հայտնել, որ Հայաստանից մեկնելուց հետո եւս փոխգործակցությունը շարունակվելու է: