Եվրախորհրդին Գերմանիայի անդամակցության 70-ամյակին նվիրված ելույթում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրավիճակն այսօր Եվրոպայի սահմանների մոտ առավել քան մտահոգիչ է՝ մտահոգությունների շարքում հիշատակելով նաեւ ղարաբաղյան խնդիրը։
«Եվրոպայի արտաքին սահմաններին նայելիս ակնհայտ կդառնա, որ անգամ այսօր երաշխավորված չեն խաղաղությունն ու անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը։ Իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արեւելքում ու Ղրիմում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Աբխազիայում եւ Ղարաբաղում, ինչպես նաեւ Սիրիայում եւ Լիբիայում խստագույնս մտահոգիչ է»,- ասել է Մերկելը։
Կանցլերն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը օրենքի գերակայության ապահովմանը զուգահեռ կարեւոր ներդրում ունի նաեւ միջազգային նորմերի պահպանման գործում։
«Երբ պետության ինքնիշխանությունն ու ամբողջականությունը դրվում են կասկածի տակ կամ անտեսվում, ինչպես Ղրիմում ու Լեռնային Ղարաբաղում, դա հակասում է մեր համընդհանուր արժեքներին։ Եվ ԵԽ-ն պետք է այս հարցում որոշիչ դեր ունենա»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ շեշտել է Անգելա Մերկելը։