Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն հայտնել է, որ Թուրքիան 2023-ի ամռանը առաջին անգամ ընդգրկվել է ռուսաստանաբնակ զբոսաշրջիկների համար ամենաթանկ ուղղությունների հնգյակում։ Իսկ տեղական հանգստի վայրերն այս տարի, ընդհակառակը, ամենաէժանն են։
Լոմիձեն հայտնել է նաեւ, որ այս ամառ ռուսաստանցիների համար ամենաթանկ ուղղությունը Մալդիվներն են, որտեղ 10 օրով 2 անձի համար ուղեւորության արժեքը միջինում արժե 390 հազար ռուբլի (1 միլիոն 599 հազար դրամ): Երկրորդ տեղը զբաղեցրել է Կուբան՝ նույն պայմաններով․ 2 անձի համար միջին արժեքը 238 հազար ռուբլի է (մոտ 980 հազար դրամ)։ Իսկ երրորդ տեղում Շրի Լանկան է` 213 հազար ռուբլի արժողությամբ (մոտ 875 հազար դրամ), չորրորդը Թուրքիան է․ փաթեթի արժեքը 2 հոգու համար 183-185 հազար ռուբլի է (755 հազար դրամի սահմաններում):
Լոմիձեն հավելել է, որ այս ամառ ճանապարհորդելու ամենաէժան ուղղությունը հենց Ռուսաստանն է։ Միջինում ճամփորդությունը 2 հոգու համար կարժենա 80-85 հազար ռուբլի (մոտավոր 340 հազար դրամ)։ Նա հայտնել է նաեւ, որ 2022-ի ամռան համեմատ բոլոր ուղղություններով գնաճը եղել է 15 տոկոս։