ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հայտնել է, որ Անտոնիո Գուտերեշին մտահոգում են Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությանն առնչվող խնդիրների մասին հաղորդագրությունները: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը, ըստ որի՝ կողմերը պետք է կատարեն միջազգային դատարանի որոշումները, դրանց թվում` 2023 թվականի փետրվարի 22-ի վճիռները, ինչպես նաեւ այն որոշումները, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքի երկու ուղղություններով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժի ապահովմանն ուղղված միջոցառումներին»,- նշել է Հաքը։
Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ գլխավոր քարտուղարը հատկապես մտահոգված է «գետնի վրա» հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով եւ կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկելու հասանելիությունը հեշտացնելու համար` կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։
Հաքը հավելել է, որ գլխավոր քարտուղարը երկու կողմերին կոչ է անում ակտիվացնելու ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ` ի շահ խաղաղության եւ հանուն տարածաշրջանում անվտանգության:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի եւ գործակալությունների ներկայացուցիչներն օգոստոի 3-ին կայցելեն Կոռնիձորի սահմանային հատված։