ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը եւ Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը օգոստոսի 2-ին համատեղ հայց են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նա նշել է, որ վարչական դատարանից խնդրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու՝ խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ։
«Երկրորդը` որպես հետեւանքների վերացման ածանցյալ պահանջ` արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կատարել Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որեւէ գործողություն, այդ թվում` փաստաթուղթ ստորագրելու»,– նշել է Զոհրաբյանը։ ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահը շեշտել է, որ իրավական այս գործընթացով փորձում են ցույց տալ Հայաստանում եւ Արցախում ապրող հայությանը, ինչպես նաեւ միջազգային հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանի այդ գործողությունները հակաիրավական են։
2023-ի մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, եւ հայտարարել, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Նա ասել է նաեւ, որ Հայաստանի 29 հազար 800 քկմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը եւ Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։