Օգոստոսի 2-ին՝ 20։00-ի սահմաններում, Ալավերդիում ուժգին կարկուտն աղետալի վիճակ է ստեղծել ոչ միայն քաղաքում, այլեւ տարածաշրջանի գյուղերում։
Կարկուտի տեւողությունը կես ժամ է եղել, հատիկների մեծությունը՝ հավկիթի չափ։ Քաղաքացիները զգալի վնասներ են կրել։ Կարկտահարության հետեւանքով ջարդվել են շենք-շինությունների տանիքները, պատուհանները, արեւային վահանակները, ավտոմեքենաները։
Նաեւ բարձրավոլտ էլեկտրական սյուներ են ընկել, ինչի հետեւանքով գրեթե ամբողջ քաղաքը հոսանքազրկվել է։ Որոշ թաղամասերում էլեկտրամատակարարումն այսօր կեսօրին է վերականգնվել։
Ալավերդիում ասում են՝ նման աղետ չեն տեսել։ Առանձնատներում ու բնակելի շենքերում տանիքից եւ պատուհաններից ներհոսած ջրերի պատճառով նաեւ բնակիչների գույքն է վնասվել։
Քաղաքում շրջող ավտոմեքենաների մեծ մասն առանց դիմապակի է մնացել։ Ջարդվել ե նաեւ որոշ մեքենաների հետեւի ապակիները։
Վնասվել են նաեւ Ալավերդու համայնքապետարանի կոմունալ տնտեսության ավտոպարկում կայանած բոլորովին նոր միկրոավտոբուսները, որոնք օրեր անց պետք է երթուղի դուրս գային։
Ալավերդի խոշորացված համայնքի գյուղերում, մասնավորապես՝ Օձունում, Հագվիում, Աքորիում, Հաղպատում, նույնպես իրավիճակն աղետալի է։ Գյուղացիները, տունը մոռացած, այգիներում ու դաշտերում են։
Ցանքատարածություններից բացի՝ մեծ վնասներ են կրել պտղատու այգիները, խոտհարքները։
Բերքահավաքից ընդամենը օրեր առաջ կարկուտը հողին է հավասարեցրել ցորենի եւ եգիպտացորենի արտերը։ Մարդիկ տարակուսած են՝ հացի խնդիր կունենան, իսկ որոշ ծառեր անգամ մի քանի տարի անց էլ, հնարավոր է, պտուղ չտան։
Ալավերդու համայնքապետարանում արտահերթ նիստ է հրավիրվել։ Ստեղծվել է կարկտահարության հետեւանքները գնահատող հանձնաժողով։ Աշխատանքային խմբերը մինչեւ հիմա աշխատում են համայնքի բնակավայրերում։