Աշխարհի ավելի քան 100 բժշկական ամսագրեր օգոստոսի 3-ին գերտերությունների ղեկավարներին կոչ են արել արգելելու միջուկային զենքն ամբողջ աշխարհում: «Վտանգն ահռելի է եւ այդ վտանգն օրեցօր ավելի է մեծանում: Միջուկային տերությունները պետք է ոչնչացնեն իրենց միջուկային զինանոցները, նախքան կհասցեն ոչնչացնել մարդկությանը»,- ասված է 11 առաջատար բժշկական ամսագրերի, դրանց թվում հեղինակավոր British Medical Journal-ի, The Lancet-ի եւ Ամերիկյան բժշկական ասոցիացիայի հանդեսի համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները ամբողջ աշխարհի բժիշկներին կոչ են արել զգուշացնելու քաղաքացիներին եւ քաղաքական գործիչներին «հանրային առողջության համար միջուկային զենքի սոսկալի վտանգի մասին»։ Փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի դեմ պատերազմում միջուկային զենք կիրառելու ռուսական բազմակի սպառնալիքների եւ Հյուսիսային Կորեայում շարունակվող հրթիռային փորձարկումների ֆոնին:
Բժշկական խմբագիրների համաշխարհային ասոցիացիան (WAME) խիստ ուշագրավ է անվանել այն, որ նման հեղինակավոր ամսագրերը, որոնք սովորաբար մրցում են միմյանց հետ բացառիկ բովանդակության նյութի համար, արձագանքել են այս համատեղ կոչին: Դա, ըստ WAME-ի, ընդգծում է ներկայիս միջուկային ճգնաժամի ծայրահեղ լրջությունը:
Հոդվածում նշվում է, որ հավանական միջուկային պատերազմի դեպքում բավական է կիրառվի ամբողջ աշխարհում եղած 13 հազար միջուկային մարտագլխիկներից միայն 250-ը, որպեսզի միջուկային պայթյունի զոհ դառնա միանգամից 120 միլիոն մարդ։ Միաժամանակ տեղի կունենա կլիմայի համապարփակ խաթարում, ինչը կհանգեցնի միջուկային սովի, որն էլ իր հերթին՝ եւս երկու միլիարդ մարդու մահվան: