«Բանաստեղծական Տրապիզոնը, ուր ծնա ես եւ ապրեցա իմ երեխայությունը, Կոստանդնուպոլիսը, ուր անցան իմ պատանեկության երազ տարիները, Իտալիան, ուր ապրեցի առաջին երիտասարդությանս բաբախուն խանդավառությունները, ապա Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, ուր ման ածեցի իմ խոհերը, եւ մայրաքաղաքներում, ուր լուրջ եւ բարձր շրջաններում անցուցի լավ բաները գնահատելու կարողությանս հասունության տասնյակ տարիներ, բոլոր, բոլորը խունացան, գորշացան միանգամայն 1900-ի հուլիս ամսի այն անմոռանալի առավոտյան, երբ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ գնացքը կանգ առավ Շիրակի դաշտում»,- Հայաստան կատարած իր առաջին այցի մասին գրում է ջրանկարի խոշորագույն վարպետ, ճարտարապետական բնանկարի հիմնադիր Արշակ Ֆեթվաճյանը:
Անին Ֆեթվաճյանի սրտում արթնացնում է հայրենիքի սերը, նկարիչն անդառնալիորեն կապվում է հայրենի հողին ու քարին՝ ստեղծելով իր 30 կտավից բաղկացած «Անիներ» շարքը, որը ցուցադրվել է Հայաստանից դուրս:
Հետագա 20 տարիների ընթացքում Ֆեթվաճյանը, շրջելով Ռուսական կայսրության մաս կազմող Արեւելյան Հայաստանում, գրեթե բոլոր պատմական վայրերով, չափագրում ու նկարում է հուշարձաններ, հայ ազգագրական կերպարներ ու նրանց հանդերձները, գրում բազմահատոր երկեր հայկական ճարտարապետության պատմության մասին, կատարում է հուշարձանների վերականգնողական աշխատանքներ: Նկարիչը բազմաթիվ էսքիզներ է անում Հին Ջուղայի, Ղարաքիլիսայի գերեզմանատների տապանաքարերից, Արցախի Գանձասար եկեղեցու որմնաքանդակներից:
Առաջին անգամ Հայաստանում արվեստասերները հնարավորություն ունեն տեսնելու Ֆեթվաճյանի շուրջ 20 մատիտանկար աշխատանք: Դրանք ցուցադրված են ազգային պատկերասրահում բացված «ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Ցուցահանդեսի հիմնական թեմաներն են դեռեւս 1990-ականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված միջնադարյան վանական համալիրները՝ Հաղպատն ու Սանահինը: Ֆեթվաճյանի աշխատանքներն առանձին բաժնով են ներկայացված. կարելի է տեսնել, օրինակ, 1901 թվականին արված Հաղպատի եկեղեցու ներքին եւ արտաքին քանդակազարդ հարդարանքներ՝ շքամուտքեր, լուսամուտների խորշերի պատկերներ:
Ժամանակի ու պատմական ողբերգական իրողությունների բերումով Ֆեթվաճյանի արձանագրած կոթողները մասամբ կամ ամբողջովին ավերվել են: «Նրա ստեղծագործություններն, ըստ էության, այսօր փաստագրական, պատմավավերագրական արժեք են ներկայացնում»,- ասում է ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը: Նկարիչը հենց այդ նպատակով էր ստեղծել 2000-ի հասնող մատիտանկարներն ու ավանդել դրանք Հայաստանին: Ֆեթվաճյանի այս մատիտանկար աշխատանքները դեռևս 1920-1922 թվականներին Լուվրի Դեկորատիվ արվեստի եւ Լոնդոնի հայտնի Վիկտորիա եւ Ալբերտ թանգարաններում, Բրիտանական Ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում հայտնություն են դարձել:
Ազգային պատկերասրահի տնօրենը նշեց, որ մոտ ապագայում մենագիր ցուցադրությամբ կներկայացվի Ֆեթվաճյանի մատիտանկարների մեծ մասը, որոնք կարող են գիտական նյութ դառնալ այսօրվա հնագետների, ճարտարապետների, ուսանողների համար, իսկ օտարերկրացիների համար՝ բացահայտում:
Ցուցադրության կարեւոր մաս են կազմում Ռուբեն Բեդրոսովի, Վլադիմիր Այվազյանի, Հովհաննես Ալխազյանի վանական համալիրներին առնչվող գրաֆիկական թերթերը, Հովհաննես Շամշինյանի, Եղիշե Թադեւոսյանի, Փանոս Թերլեմեզյանի գեղանկարները:
Այցելուներին հնարավորություն ընձեռվեց դիտելու Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերի ինստալացիան: Կադրերում հայկական տարբեր հուշարձաններ են՝ Հաղպատը, Սանահինը, Ախթալան, Քոբայրը:
«Ֆիլմի ստեղծվելուց հետո մեծ քանակությամբ նեգատիվ ժապավեններ չէին թվայնացվել ու վերականգնվել: 2018 թվականից սկսած՝ ազգային կինոկենտրոնը լեհական ընկերություններից մեկի հետ իրականացրել է վերականգնման աշխատանքները»,- նշեց ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը: Հետագայում Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ինստալացիոն այլ ցուցադրություններ եւս կլինեն: Ի դեպ, բացառիկ կադրերն առաջին անգամ ցուցադրվել են Ռոտերդամի միջազգային փառատոնում, երկրորդ անգամ՝ Երեւանի «Այրարատ» կինոթատրոնում:
Ցուցադրությունից առաջ Հայաստանի ազգային պատկերասրահի ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջեւ համագործակցության հուշագիր ստորագրվեց: Պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանի կարծիքով այսօր ստեղծված իրավիճակում արդիական ու հրամայական է մեր մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման, հանրայնացման հարցը, իսկ յուրաքանչյուրս կղզիացած չենք կարող մեծ արդյունքների հասնել կարեւոր այս գործում:
լուսանկարները վերցված են Ազգային Պատկերասրահի ֆեյսբուքյան էջից
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։