ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում խստորեն դատապարտել է Ռուսաստանի իշխանություններին «հացահատիկի գործարքը» երկարացնելուց հրաժարվելու համար։ «ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ երկիր պետք է ասի Մոսկվային. «Բավական է Սեւ ծովն օգտագործել որպես շանտաժի միջոց։ Բավական է աշխարհի ամենախոցելի մարդկանց օգտագործել իբրեւ սակարկության առարկա։ Վերջ տվեք այս անհիմն, անամոթ պատերազմին»,- ասել է նա։
Բլինքենը ներկայացրել է համատեղ հռչակագիր, որը ստորագրել են ավելի քան 80 պետություններ, դրանց թվում՝ Գերմանիան, որով պահանջվում է հակամարտությունների ժամանակ սնունդը որպես գործիք չօգտագործել։ Փաստաթուղթը ստորագրած երկրները պարտավորվում են միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու քաղաքացիական բնակչության շրջանում սովի կիրառումը որպես պատերազմի մղման մարտավարություն։ «Սովը չպետք է կիրառվի որպես զենք»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը՝ կոչ անելով ՄԱԿ-ի բոլոր երկրներին միանալու նախաձեռնությանը։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը օգոստոսի 3-ին ավելի վաղ Եվրամիության գործընկերներին հորդորել է Ռուսաստանին կոչ անել վերադառնալու հացահատիկի գործարքի հարցով բանակցությունների սեղանի շուրջը։ Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն կկարողանա Մոսկվային համոզել վերականգնել գործարքը։