ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը, ռուսական ТАСС-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու առաջնահերթություններին, հայտարարել է, որ կողմերի միջեւ հապճեպ եւ ոչ պատշաճ պատրաստված խաղաղության պայմանագիր կնքելու փորձն ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։ «Հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Ընդհակառակը, այն նախադրյալներ կստեղծի ապագայում նոր հակամարտությունների եւ ողբերգությունների համար: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված եւ փոխընդունելի լուծումների որակյալ նախապատրաստմանը»,- ընդգծել է պաշտոնյան։
Գոնչարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արեւմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Երեւանը եւ Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «գրեթե մոտակա շաբաթների եւ ամիսների ընթացքում»։ Ըստ ռուս դիվանագետի՝ Ռուսաստանը գտնում է, որ կողմերն իրենք պետք է որոշեն ստորագրման ժամկետները։ «Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը հանուն կոնյունկտուրային նկատառումների, այլ նպաստել ամուր, երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Նրանք պետք է ապավինեն տեղում ստեղծված իրողություններին, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակով արված ռուս-հայ-ադրբեջանական հայտարարություններն եւ դրանց հիման վրա գործող մեխանիզմներին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։