2023 թվականին կնշվի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսական միջոցներ է նախատեսել Շուշանիկ Կուրղինյանի՝ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող կիսանդրու պատրաստման եւ տեղադրման աշխատանքների համար: Սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ, եւ կնքվել է պայմանագիր:
Այսպիսով՝ բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին շուտով կտեղադրվի Կոմիտասի անվան պանթեոնում:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից գողացվել էր անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի քանդակած Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին: Դեպքի առթիվ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն, սակայն, ցավոք, կիսանդրին չի հայտնաբերվել:
Նշենք, որ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանը (1923-2001) բազմաթիվ հայտնի քանդակների հեղինակ է: Նրա կերտած հուշարձանների թվում են Հունան Ավետիսյանի, Ավետիք Իսահակյանի, Հակոբ Պարոնյանի, «Մենք ենք մեր սարերը», «Ղարաբաղցիները», «Մեղեդի», «Հավերժ բարեկամություն», Դավիթ Բեկի, Լոռեցի Սաքոյի հուշարձանները:
Քանդակագործի ստեղծագործություններից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արեւելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում: