Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը։
Մեկնաբանելով կանխատեսումը, որ Բայդենը կարող է լինել առաջին ԱՄՆ նախագահը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Չավուշօղլուն, ըստ Haberturk-ի, պատասխանել է. «Հայտարարությունները, որոնք որեւէ գործողություն չեն ենթադրում, օգուտ չեն տա, բայց կվնասեն հարաբերություններին: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է փչացնել հարաբերությունները, դա իրենց ընտրությունն է»:
Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները վերջին շրջանում լարված են Թուրքիայի՝ C-400 ՀՕՊ համակարգեր գնելուց հետո, ինչպես նաեւ սիրիական հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սերտ կապեր ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն հունվարի 20-ից սկսած՝ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը ոչ մի անգամ չի զրուցել Էրդողանի հետ։