Ըստ «Արմենպրես»-ի՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայտնել է, որ հուլիսին պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է եղել: Այս աճի վրա ազդել է «սեւծովյան հացահատիկային նախաձեռնության» դադարեցումը, ինչպես նաեւ բրնձի առեւտրին առնչվող նոր սահմանափակումները։
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի պարենային գների ինդեքսը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների համաշխարհային գների ամսական փոփոխությունները, հուլիսին եղել է 123,9 կետ, ինչը 1,3%-ով բարձր է հունիսի ցուցանիշներից, բայց միեւնույն ժամանակ՝ 11,8 %-ով ցածր 2022 թվականի հուլիսի մակարդակից:
Աճել են բուսական յուղի գները՝ հունիսի համեմատ 12,1%-ով։ Բրնձի գները հունիսի համեմատությամբ հուլիսին աճել են 2,8%-ով այն բանից հետո, երբ Հնդկաստանն արգելեց չվերամշակված Ինդիկա բրնձի արտահանումը։
Միեւնույն ժամանակ հունիսի համեմատությամբ հուլիսին փոքր-ինչ նվազել են հացահատիկի, շաքարի, կաթնամթերքի եւ մսի գները։