ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հուլիսի 27-ի հրամանով սահմանվել են hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։ Հրամանն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ին։
2023-2024 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2024 թվականի մայիսի 24-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32 շաբաթ` 2-րդ եւ 34 շաբաթ՝ 3-12-րդ դասարանների համար:
2023-2024 ուսումնական տարում՝
1) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ, ձմեռային՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ:
2) Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 16-29-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ, գարնանայինը՝ 2024 թվականի մարտի 18-31-ը ներառյալ:
3) Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 23-29-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ եւ գարնանայինը՝ 2024 թվականի մարտի 25-31-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, լիազոր մարմնի՝ այդ թվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների համար արձակուրդների ժամկետներում լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ՝ հաստատության հիմնավոր առաջարկությամբ: Լիազոր մարմինը (մարզպետը, Երեւանի քաղաքապետը) նախատեսվող փոփոխություններն արձակուրդն սկսվելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ գրավոր եղանակով համաձայնեցնում է Նախարարության հետ:
Հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ եւ այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձևով։
Նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ եւ այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների եւ սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Այս փոփոխությունները կարող է կատարել նաեւ Հաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչեւ ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու, ըստ հաստատության ենթակայության, լիազոր մարմնին 1-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնելու պայմանով:
Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում հաստատության դիմումի հիման վրա լիազոր մարմինը (մարզպետը, Երեւանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը:
Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաեւ հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է դաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:
Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տեւողությունը եւ ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը: