Եթե ես սրբազան լինեի, ոչ թե կփափագեի ինքնասպանված տեսնել որեւէ բարձրաստիճան սպայի կամ պաշտոնյայի, այլ ինքս ինքնասպան կլինեի։
Բայց մասնագիտական կողմնորոշման հասակում ինձ խորհուրդ չտվեցին գնալ հոգեւոր ծառայության։ Ավագ մի բարեկամ ասաց՝ կյանքում խաբելու առիթներ հաճախ են լինում, կարող ես մարդուն (մարդկանց) խաբել եւ իսկույն ներում խնդրել Աստծուց, իսկ եթե Աստծուն խաբես, ումի՞ց ես ներում հայցելու։ Եվ ես որոշեցի մնալ շարքային հավատացյալ։
Պատասխանատու մեկի ինքնասպանությունը շոկ է, բայց կարճաժամկետ։
Պատասխանատվության զգացումը հասարակության մեջ դրանից չի ամրապնդվի։ Հակառակը՝ լրահոսի ղաչաղների ձեռքով ցեխ կնետվի պատասխանատվությունը մահվամբ սրբողի ուղղությամբ, եւ հազիվ կլսվի մի քանիսի շշուկը. «Արա, դե молодец մարդուն»։
ԴԻՏԵՔ ՆԱԵՎԹարգիր լաո 23/ Միջանցք, Սնուփ Դոգ, նոյեմբերի 9 / Փաշոյան / Մադոյան |
Հետո երկար կքննարկվեն հոգեհանգստի ու թաղման հանգամանքները՝ քահանա եկավ-չեկավ, թաղման կարգ արեց-չարեց, գերեզմանոցի պարիսպներից նե՞րս թաղեցին, թե՞ դուրս։
Մի խոսքով՝ արարքը կդառնա լուր, իսկ լուրն ամենայն պատասխանատվության սրբիչն է։
Նա, ով մեղավորն է, բայց պատասխանատուն չէ կամ պատասխանատուն է, բայց մեղավորը չէ (հիմա լավ չեմ հիշում՝ որն էր որից առաջ) այս պարտության եւ շարունակվող ընկճախտի, նոյեմբերի 9-ին հաջորդած աղետաժամին գոյատեւել ու գոյատեւում է լուրի զորությամբ։
Եվ այդ զորության մեջ պակաս լիցք չէ որեւէ սրբազանի, մեղմ ասած, անխոհեմ հետկռահումը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։