Ժամեր անց Գյումրիում կտրվի Համահայկական ամառային 8-րդ խաղերի հանդիսավոր մեկնարկը։ Շիրակի մարզում են աշխարհի 41 երկրների 179 քաղաքներից ժամանած հազարավոր մասնակիցներ եւ հյուրեր։
Երթեւեկության համար փակ կլինեն քաղաքի գլխավոր փողոցները, քաղաքային տրանսպորտն էլ փոփոխված ուղեգծով կաշխատի մինչեւ լուսաբաց։ Միջոցառման սկիզբը ժամը 21։00-ին է, բայց հրավիրյալները մարզադաշտում պետք է լինեն 19։00-ից։
Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Գյումրու քաղաքային մարզադաշտի տեղերի սահմանափակ լինելով պայմանավորված՝ մասնակցել կարող են միայն հրավիրատոմս ունեցողները։ Առանց հրավիրատոմսի քաղաքային մարզադաշտ մուտքն արգելվում է։
«Անհարմարություններից խուսափելու համար հորդորում ենք հրավիրատոմս չունեցող քաղաքացիներին բացման հանդիսավոր արարողությանը հետեւել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրված մեծ էկրանից կամ ուղիղ եթերով։
Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացումը տոն է բոլորիս համար, եւ ուրեմն միայն տոնական ու ջերմ մթնոլորտում անցկացնենք աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբող այս միջոցառումը»,- նշված է հայտարարության մեջ։