Ըստ Աթենքի ազգային աստղադիտարանի աստղագիտության, աստղաֆիզիկայի, տիեզերական հավելվածների եւ հեռահար զոնդավորման ինստիտուտի Beyond օպերատիվ ստորաբաժանման զեկույցի՝ 2023 թվականի հուլիսյան հրդեհներից այրվել է ընդհանուր 50 791 հեկտար բուսականություն։ Հրդեհները շատ ավելի մեծ վնաս են հասցրել, քան ցանկացած այլ հրդեհ վերջին 13 տարվա ընթացքում։ 2023 թվականի հուլիսին հրդեհի տարածման մակերեսը եռակի ավելի է, քան 2022 թվականի նույն ամսում, եւ քառակի ավելի, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում:
Պարզվել է նաեւ, որ հրդեհների մեծ մասը բռնկվել է այն շրջաններում, որոնք նախկինում արդեն տուժել են նման աղետներից։ Մասնավորապես՝ Կարֆուում այրված մակերեսի 50%–ն արդեն հրդեհի ճիրաններում էր հայտնվել 2000, 2005, 2007, 2011 եւ 2017 թվականներին։ Կուվարայում (Ատտիկա) հրդեհներ են լինում գրեթե ամեն տարի, ամենախոշոր հրդեհները եղել են 2007, 2009, 2016, 2017, 2020 եւ 2022 թվականներին։ Դա զգալիորեն դժվարացնում է բնական լանդշաֆտի վերականգնումը։
Զեկույցում ասվում է, որ այրված տարածքների 32%-ը բաժին է ընկել կոշտատերեւ բուսականությանը, 28%-ը` բնական անտառներին եւ թփուտներին, 9%-ը` ձիթապտղի այգիներին, 9%-ը` փշատերեւ անտառներին, 7,5%-ը` բնական արոտավայրերին եւ 6%-ը` նոսր բուսականությանը։
Դեռ 2021-ի օգոստոսին «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը հայտնել էր, որ Հունաստանում տարածվող անտառային հրդեհները սպառնում են պատմական ու մշակութային հուշարձաններին։ Պելոպոնեսի Էլիդա շրջանում կրակը սպառնում էր Օլիմպիայի հնագիտական թանգարանի շենքին։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել էր, որ առաջնահերթությունը մարդկանց կյանքերը փրկելն է, որից հետո՝ սեփականության, կարեւոր ենթակառույցների պահպանությունը։ Ավելի վաղ նա նշել է, որ Հունաստանը բախվել է 1987-ից ի վեր ամենասաստիկ շոգին: