Ըստ արգենտինական La Nacion պարբերականի՝ Ֆուտբոլի Հյուսիսամերիկյան գլխավոր լիգայի (MLS) «Ինտեր Մայամի» ակումբի մարզադաշտում աշխատող հավաքարարը` կոլումբացի Քրիստիան Սալամանկան, որն առաջին անգամ է մաքրություն կատարել «Ինտերի» մարզադաշտում, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիից ինքնագիր վերցրելուց հետո հեռացվել է աշխատանքից։
Բանն այն է, որ «Ինտերի» մարզադաշտի բոլոր աշխատակիցներից պահանջվում է պահպանել պրոֆեսիոնալ վարքագիծ, նրանց արգելվում է ինքնագրեր խնդրել ֆուտբոլիստներից։ «Ես զուգարաններն էի մաքրում այն հատվածում, որտեղ կանգնած էին ավտոբուսները: Այնտեղ էի, երբ ավտոբուսը կանգնեց, եւ խաղացողները դուրս եկան: Վերջինը Մեսսին էր: Ես ձայն տվի նրան, մեկնեցի մարկերն ու Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը։ Նա ինձ տվեց իր ինքնագիրը։ Միանգամից եկան անվտանգության աշխատակիցները, ինձ կանչեցին եւ հեռացրին աշխատանքից, բայց Մեսսիի հետ շփման ամեն վայրկյանն արժեր դրան», — ասել է Սալամանկան։
«Ինտեր Մայամին», որի սեփականատերերից մեկը Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմն է, հուլիսի 15-ին հայտարարել էր «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին: 36-ամյա արգենտինացին իսպանական «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող։ 2021-ին նա տեղափոխվել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն», որի հետ երկու անգամ հաղթել է երկրի առաջնությունը եւ մեկ անգամ՝ Ֆրանսիայի Սուպերգավաթը։ Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին դարձավ աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթի հաղթող։