«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը օգոստոսի 5-ին ասուլիսում հայտնել է, որ ՀՀ-ում չգրանցված, բայց ընտրական իրավունքից օգտվող Հայաստանի Հանրապետության մոտ 600 հազար քաղաքացիներ «ՀայաՔվե»-ի առաջին փուլում զրկված են եղել իրենց սահմանադրական իրավունքից։ Նա նշել է, որ օգոստոսի 4–ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմել ամենամեծ խնդիրներից մեկի առնչությամբ, այն է` ՀՀ քաղաքացիները նույնականացման քարտով չեն կարողանում ստորագրել եւ միանալ «ՀայաՔվե» նախաձեռնությանը։ «Մենք ճշտումներ ենք արել, պարզվել է, որ դա ոչ թե ԿԸՀ–ի կայքի խնդիրն է, այլ կայքը սպասարկելու»,– հավելել է Չալաբյանը` բացատրելով, որ «ՀայաՔվե» նախաձեռնությանը միանալու համար չկա օրենքի պահանջ, որ անձը պարտադիր պետք է գրանցում ունենա ՀՀ տարածքում։
Չալաբյանն ընդգծել է, որ ՀՀ–ն փաստացի ունի մոտ 2,6 միլիոն քաղաքացի, որից 600 հազարը փաստացի գրանցված չէ եւ բնակվում է այլ երկրներում։ Ըստ Չալաբյանի` եթե այդ սխալը չշտկվի նախաձեռնության հաջորդ փուլերի համար, եւ ԿԸՀ–ն շարունակի խուսափել այդ խնդրին լուծում տալուց, իրենք կդիմեն Սահմանադրական դատարան։
Հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու եւ Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Ստորագրահավաքի համար սահմանվել էր 60-օրյա ժամկետ՝ 2023-ի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։ Հուլիսի 29-ին նախաձեռնության հեղինակները հայտնել են, որ «ՀայաՔվե» նախաձեռնությանն արդեն միացել է 54 հազար 800 քաղաքացի, սակայն ստորագրահավաքը կշարունակվի եւս մեկ շաբաթ, որպեսզի դրան մասնակցել կարողանանան բոլոր ցանկացողները։ Օգոստոսի 5–ին «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց. ստորագրահավաքին մասնակցել է ավելի քան 58 հազար ՀՀ քաղաքացի։