Վերջին տարիներին քննարկվում է Հայաստանում մարիխուանայի շրջանառության եւ օգտագործման ապաքրեականացման հարցը։ Ընդ որում՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներից ոմանք եւս խոսում էին մարիխուանայի օգտագործումն օրինական դարձելու մասին (նաեւ ֆեյսբուքյան գրառումներ էին անում, որոնցից մի քանիսը հիմա արդեն ջնջված են, բայց լրատվամիջոցներում կան այդ գրառումների սքրինշոթները)։
Սոցցանցերում այս թեման կոշտ քննադատությունների արժանացավ, որից հետո այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականի փետրվարի 25-ին ֆեյսբուքյան գրառում արեց՝ նշելով՝ «հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց»։ Թորոսյանն իր գրառմամբ հավաստիացրեց, թե թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության եւ օգտագործման մասին որեւէ նախաձեռնություն չկա եւ չի կարող լինել, իսկ համացանցում մարիխուանայի օգտագործումն ապաքրեականացնելու հարցը քննարկողներին հորդորեց՝ «ձեր վառ երեւակայությունը լավ կլինի պահեք ձեզ»։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում վստահեցրեց՝ մարիխուանայի ապաքրեականացմանը բժշկական մասնագիտական շրջանակը դեմ է։
«Մարիխուանայի մեջ կա հոգեներգործուն եւ կախվածություն առաջացնող նյութ՝ տետրահիդրոկանաբինոլ, որը հոգեակտիվ միացություն է։ ՄԱԿ-ի 1961 թվականին ընդունած կոնվենցիայի համաձայն՝ այն համարվում է թմրամիջոց, որն ունի կախվածություն առաջացնելու պոտենցիալ։ Մարիխուանան ներառված է թմրանյութերի այնպիսի ցանկերում, որոնց նկատմամբ իրականացվում է միջազգային վերահսկողություն, ինչպես մորֆինի կամ մնացած թմրամիջոցների նկատմամբ»,- նշում է Սուրեն Նազինյանը։
Մեր երկրի օրենսդրությամբ մարիխուանան ներառված է հսկման ենթակա թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկի առաջին ցուցակում։ Այդ ցանկում կա 4 ցուցակ․ առաջինում այն նյութերն են ներառված, որոնց շրջանառությունը ՀՀ-ում արգելվում է, որեւէ դեպքում չի կարող թույլատրելի լինել։
Երկրորդ ցուցակում բժշկական նպատակով կիրառվող թմրամիջոցներն են, օրինակ՝ մորֆինը, մեթադոնը․․․ սրանք բժշկական պրակտիկայում սահմանափակ չափով կիրառվող թմրամիջոցներ են։ Երրորդում ներառված են հոգեմետ դեղերը, չորրորդ ցուցակում՝ պրեկուրսորները, որոնց շրջանառությունը ՀՀ-ում սահմանափակ է, եւ դրանց նկատմամբ սահմանված են հսկման եղանակներ։
Մարիխուանան Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգչով համարվում է հոգեներգործուն նյութ։ Նազինյանն ընդգծում է՝ մարիխուանայի օգտագործումն օրինականացրած երկրների ցանկը մեծ չէ․ դրանցից են Կանադան, Նիդերլանդերը, Ուրուգվայը, ԱՄՆ-ի որոշ նահանգներում եւս օրինականացված է այս թմրամիջոցի օգտագործումը։
«Մարիխուանայի օրինականացումից խոսողները ուժեղ մանիպուլյացիա են անում։ Տետրահիդրոկանաբինոլը որոշակի դեպքերում հնարավոր է կիրառել բժշկական նպատակներով, օրինակ՝ ախորժակի կոպիտ խանգարումներ ունեցողներին կամ տրամադրության ծանր խանգարումներ ունեցողներին կարելի է նշանակել, բայց, ինչ ուզում է ասեն, մեկ է, տետրահիդրոկանաբինոլը բժշկական նպատակներով կիրառելու հարցում անգամ համեմատել չի կարելի, օրինակ, մորֆինի հետ, առանց որի այսօրվա բժշկությունը պատկերացնելն անհնար է, քանի որ մորֆինը լավագույն ցավազրկողներից է»,- մանրամասնում է բժիշկը։
Տետրահիդրոկանաբինոլի կիրառությունը բժշկական նպատակներով շատ երկրներում թույլատրված է, բայց էլի՛ վերահսկողության ներքո է գտնվում, ինչպես մեր երկրում մորֆինն է վերահսկվում։ Իհարկե, կան երկրներ, որտեղ մարիխուանայի օգտագործումը օրինական է, բայց սահմանափակումներ կան, օրինակ՝ Նիդերլանդներում կա հատուկ վայր, չի կարելի փողոցում մարիխուանա ծխել։
Ըստ Սուրեն Նազինյանի՝ Կանադայում, Նիդերլանդերում, Ուրուգվայում, ԱՄՆ-ի որոշ նահանգներում մարիխուանայի օգտագործումն ապաքրեականացնելու որոշակի պատճառներ են եղել։ Թմրամիջոցի օգտագործումն այնքան է անվերահսկելի դարձել, որ իրավապահ մարմինները ռեսուրսներ չծախսելու համար որոշել են այդ թմրամիջոցի օգտագործումն ապաքրեականացնել, որովհետեւ դրա վնասակար ազդեցությունը օֆիոիդների կամ հոգեխթանիչ նյութերի համեմատ ավելի թեթեւ է։
«Պետք է ընդգծել՝ մարիխուանան անվնաս նյութ չէ, ոչ էլ օգտակար է, ինչպես շատերը պնդում են։ Ասում են՝ խոտ է, թուփ է, կանաչ է, ի՞նչ վտանգ կա դրանից․ իհարկե, այսպես չէ, վտագները շատ են։ Նույն կերպ կարելի է ասել՝ կակաչը բույս է, կանաչ է, բայց չէ՞ որ դրանից ստանում են հերոին կամ մորֆին»,- բացատրում է բժիշկը։
Սուրեն Նազինյանը մարիխուանայի օգտագործումն ապաքրեականացրած երկրների փորձն է ուսումնասիրել։ Օրինակ՝ Կանադայում պետական վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում մահացած վարորդներից յուրաքանչյուր երկրորդի օրգանիզմում հայտնաբերվել է տետրահիդրոկանաբինոլ։ Այսինքն՝ սա կարելի է կապել այն փաստի հետ, որ այդ մարդիկ ղեկին նստելիս մարիխուանա են օգտագործած եղել։
ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության հարցերով գրասենյակի ( UNODC — United Nations Office on Drugs and Crime (UNODC)) ուսումնասիրությունները վկայում են, որ մարիխուանայի գործածումն օրինականացրած երկրներում արձանագրվել է կաննաբինոիդային թմրամիջոցների (այդ թվում՝ մարիխուանայի) կանոնավոր (մշտական) գործածմամբ պայմանավորված հոգեկան խանգարումների եւ ինքնասպանությունների դեպքերի աճ, ինչպես նաեւ հոսպիտալիզացիաների ավելացում։
Դեռահասների առողջությանն առնչվող հետազոտություններ եւս կատարվել են։ Մարիխուանա օգտագործող դեռահասների՝ 14 տարեկանների շրջանում գլխուղեղի ՄՌՏ երկու հետազոտություն է անցկացվել․ առաջինը՝ 14 տարեկանում, մյուսը՝ 5 տարի անց՝ 19 տարեկանում։ Հետազոտությանը մասնակցել է 800 անձ։ Տետրահիդրոկանաբինոլի ընկալիչները տեղակայված են գլխուղեղի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ ճակատային հատվածում, ուղեղիկում, միջանկյալ ուղեղում։ ՄՌՏ հետազոտության ընթացքում մարիխուանա օգտագործող դեռահասների գլխուղեղում հյուսվածքների ախտաբանական փոփոխություններ են նկատվել, ինչը թեեւ պարտադիր չէ, որ հոգեկան խանգարման հանգեցնի, բայց առաջացնում է այնպիսի վիճակ, որ տվյալ անձը ուսման մեջ թերանում է։ Որոշ դեպքերում կարող է հոգեկան խանգարում առաջանալ, կամ տվյալ մարդն ավելի նախատրամադրված դառնա դրա նկատմամբ։
Այսինքն՝ մարդը, որը կարող էր առողջ ուղեղ ունենալ, մարիխուանա օգտագործելու հետեւանքով ունենում է ախտաբանական փոփոխությունների ենթարկված ուղեղ։ Կան նաեւ այլ օրգան-համակարգերին առնչվող հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, թե մարիխուանան ինչպիսի բացասական ազդեցություն է ունենում։ Այս թմրամիջոցն ախտաբանական ազդեցություն է թողնում նաեւ սրտանոթային համակարգի վրա, առաջացնում է ամոտիվացիոն սինդրոմ, կախվածության համախտանիշ։
Եթե մարդու օրգանիզմում կա հոգեկան խանգարման նկատմամբ նախատրամադրվածություն, մարիխուանայի նույնիսկ միանվագ օգտագործումը կարող է հոգեկան խանգարման նախադրյալ ստեղծել, արդյունքում հոգեկան խանգարումը դրսեւորումներ կունենա։ Շատ մեծ է հավանականությունը, որ մարիխուանա օգտագործողի երեխան կարող է ծնվել առողջության որոշակի խնդիրներով, առավել եւս, եթե մայրն է գործածողը, քանի որ այդ նյութը կարող է անցնել պտղին։
Տղամարդկանց պարագայում էլ մարիխուանայի օգտագործումը կարող է վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ կամ սեռական անկարողություն առաջացնել․ ընդ որում՝ գրեթե բոլոր տեսակի թմրամիջոցներ օգտագործողների դեպքում որոշ ժամանակ հետո նման պաթոլոգիաներ հնարավոր է, որ առաջանան։
«Թեեւ հիմա շատ են խոսում մարիխուանայի օգրագործման մասին, բայց նման բան լինել չի կարող։ Կամ խոսքս այսպես ձեւակերպեմ․ եթե դա կարող է չլինել, ինչո՞ւ թույլատրել, որ լինի, ինչո՞ւ թույլատրել, որ դրա օգտագործումն ապաքրեականացվի»,- եզրափակում է բժիշկը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։